Աբուսահլ Արծրունի (անհայտ[1] - 1080 կամ անհայտ[1]), Վասպուրականի արքայազն-իշխան և Սեբաստիայի իշխան, 1035 թվականից եղբոր՝ Ատոմ Արծրունու գահակից, Վասպուրականի թագավոր այնուհետև Սեպաստիայի կառավարիչ-իշխան Սենեքերիմ Արծրունու որդին, սերում է Արծրունիների թագավորական տոհմից։
Աբուսահլ Արծրունին հոր՝ Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու հետ 1021 թվականին գաղթել է Սեբաստիա, որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ 1026 թվականին, Սենեքերիմ Արծրունու մահից հետո նրան հաջորդում է ավագ որդին՝ Դավիթ Արծրունին, որին էլ 1035[2] (1036[3] կամ 1037[4]) թվականին հաջորդում է նրա մյուս եղբայրը՝ Ատոմ Արծրունին, Աբուսահլը դառնում է եղբոր՝ Ատոմի գահակիցը Սեբաստիայի իշխանությունում մինչև մահ։
XI դարի առաջին կեսին, սելջուկյան արշավանքից քիչ առաջ, մի շարք հայ իշխաններ, ընդառաջելով Բյուզանդական կայսրության քաղաքականությանը, իրենց կալվածքները «փոխանակում են» կայսրության այլ հողերի հետ։ Աբուսահլը չի գնում այդ ճանապարհով՝ իր դեմ գրգռելով Բյուզանդիային։ Երբ Ալփ–Արսլանը հարձակվում է Փոքր Ասիայի վրա, Ռոմանոս Դիոգենես կայսրն անձամբ Արևելք է գալիս և Աբուսահլին ու նրա եղբորը զրկում իշխանությունից՝ մեղադրելով «թշնամուն գործակցելու» մեջ։ Աբուսահլը պայքար է սկսում բյուզանդացի իշխանների դեմ, սակայն՝ անհաջող[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 47)։